Այսօր: Շաբաթ, 4 Դեկտեմբերի 2021թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
27/03/2021
Կոնգոցի դերասանը Մեծ Մհեր կխաղա, գվադելուպցին` Ձենով Օհան

«Սաթէ-Աթղը» ֆրանսիական բազմազգ թատերախումբը «Սասնա ծռեր» կներկայացնի «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունն ապրիլի 13-19-ը հյուրախաղերով կներկայանա հայ հանդիսատեսին եւ Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում կներկայացնի «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացում։ Ներկայացման մեջ զբաղված են տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ, որոնք տեքստի եւ երաժշտության միջոցով կներկայացնեն էպոսի երեք գլուխները՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր եւ Սասունցի Դավիթ։ Հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը միաձուլված է աֆրիկյան երաժշտական մշակույթի հետ, հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու հայկական էպոսը։ Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց բեմադրիչ Սաթէ Խաչատրյանը, ներկայացման գաղափարը ծնվել է «Սաթէ-Աթղը» թատերական միության հիմնումից հետո: «Սաթէ-Աթղը» միության առաջին ներկայացումը եղել է «Լինում է, չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան»` բեմադրված Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա: Կարդացեք նաև «Ցավոք Արթուր Ադամովին չենք տալիս այն պատիվը, որին արժանի է». ֆրանսաբնակ հայ դրամատուրգ «Ֆրանսախոս կարելի լինել ի ծնե, իսկ հայերի դեպքում՝ սրտով». Ֆրանսիայի դեսպան 6 ֆրանսիացի կներկայացնեն «Սասնա Ծռեր» էպոսը Սաթէ Խաչատրյանը նշում է, որ «Լինում է, չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստանը» բեմադրվել է 2013-ին եւ մինչեւ հիմա խաղում են: Ինչ վերաբերում է թատերական միությանը, այն հիմնել են ամուսնու` Էդգար Մանուկյանի հետ միասին, ով թատերական միության բեմանկարիչն է, հագուստների նկարիչը եւ բեմադրական մասում շատ մեծ մասնակցություն ունի: Սաթէի ձեւակերպմամբ, Ֆրանսիայում թատերական միությունները շատ են, ուստի անհրաժեշտ է ունենալ դիմագիծ` առանձնանալու, մրցակցային եւ հետաքրքիր լինելու համար, դրա համար էլ նախապատվությունը տվել են հայկական էպոսին: «Ես Ֆրանսիայում ուսանել եմ Դրամատիկ արվեստների բարձրագույն ազգային կոնսերվատորիայում` իբրեւ դերասան, հետագայում Սորբոնի համալսարանում պաշտպանել եմ իմ թեզը ժամանակակից դրամատուրգիայի վերաբերյալ, այսինքն՝ մշտապես եղել եմ ֆրանսիական թատերական միջավայրում: Երբ տեսանք, թե հնդկական, աֆրիկյան հեքիաթների հանդեպ ինչ հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիացի հանդիսատեսը, նաեւ ստեղծագործական առումով ինչ մեկնաբանություններ են լինում, մտածեցինք` ինչ կարող ենք ավելի լավ անել, քան պրոֆեսիոնալ մակարդակով մեր ազգային մշակույթին անդրադառնալը: Ամբողջ աշխարհում, նաեւ Ֆրանսիայում մենք ունենք մշակույթի տներ, բայց հիմնականում, երբ նրանք անդրադարձել են հայկական մշակույթին, եղել է համայնքի սահմաններում, քանի որ հայկական գաղթօջախներում ունենք հայկական մշակույթի պահպանման հարց: Բացառապես պրոֆեսիոնալներից կազմված մեր թատերական միությունը պահպանման հարցից զատ իր առաջ դրեց այլ կարեւոր խնդիր` հայկական մշակույթի տարածումը նաեւ օտարերկրացիների մեջ: 2014թ. մենք էպոսը ներկայացրինք ընթերցանության տեսքով, այն բացառապես երաժշտական էր: Միայն մեկ գլուխը` Մեծ Մհերը, ներկայացրինք հայտնի թատրոններից մեկում, ինչը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Անկեղծ ասած, ես դեռ չեմ լսել, որ նման նախադեպ լիներ հայկական էպոսի` տարբեր դերասաններով եւ երաժիշտներով մեկնաբանության: Այնուհետեւ սկսեցինք աշխատել ամբողջական ներկայացման վրա: Սանասար եւ Բաղդասար գլուխը շատ արագ ենք ներկայացնում, կենտրոնացած ենք Մեծ Մհեր գլխի վրա, նաեւ Սասունցի Դավթի: Ներկայացումն ավարտվում է Սասունցի Դավթի` Մսրա Մելիքի դեմ տարած հաղթանակով, ինչն ինձ համար շատ խորհրդանշական վերջաբան է: Ես չցանկացա առաջ գնալ եւ ցույց տալ մեր հավաքական հերոսի կերպարն ամբողջացնող Դավթի վախճանը, առավել եւս՝ չցանկացա անդրադառնալ Փոքր Մհերին: Մեր ներկայացումն ավարտվում է այն ֆանտաստիկ խոսքերով, որ Դավիթն իրականացրեց հոր երազանքը եւ ազատագրեց Սասունը: Ամեն անգամ այդ նախադասությունն ասելիս հուզվում եմ, որովհետեւ սիրտս պայթում է, ուզում եմ ասել` ծնվեց նոր Դավիթ, իրականացրեց մեր ողջ ժողովրդի դարավոր երազանքը եւ վերջնականապես ազատագրեց ամբողջ հայոց աշխարհը, իսկ հիմա ամեն անգամ Սասուն ասելիս ուզում եմ ասել` ազատագրեց Շուշին»: Բեմադրիչի խոսքով, ներկայացումը հեքիաթասացության սկզբունքով է կառուցված. «Ես ցանկացել եմ հավատարիմ մնալ այս սկզբունքին, որով դարեդար փոխանցվել է մեր էպոսը` ասացողների, պատմողական խոսքի միջոցով, որն ուղեկցվել է երգ-երաժշտությամբ: Բեմի վրա 6 պատմող-ասացող դերասան երաժիշտներ ենք, տարբեր ազգի ներկայացուցիչներ: Երկուսս ենք հայ` ես եւ Լիլիթ Գեղամյանը, որը 4 տարեկանից Ֆրանսիայում է ապրում, ունենք Կոնգոյից դերասան` Ռոբբա Բիասի Բիասին, որը խաղում է Մեծ Մհերին եւ Սասունցի Դավիթին, Ռայմոնդ Պալսին Մարտինիկից է, Յաննիկ Լուին (Յաօ), ում հայ հանդիսատեսը ճանաչում է Թումանյանի հեքիաթներից, Գվադելուպից է, խաղում է Ձենով Օհան, եւ Մսրա Մելիք խաղացողը ֆրանսիացի է` Պիեռ-Ամբեր Պոտիեն, որը խաղում է եւ Մսրա Մելիքին, եւ կրտսեր Մելիքին` Դավիթի խորթ եղբորը: Մի խոսքով, բոլորը ֆրանսիացիներ են, բայց տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ու յուրաքանչյուրն իր ազգային համեմունքն է բերում մեր էպոսի մեջ` եւ երգերով, եւ երաժշտությամբ ու երաժշտական գործիքներով» Սաթէն ասում է, որ ցանկություն է ունեցել ստեղծել մի ներկայացում, որով հայկական էպոսը իր տեղը կկարողանա գտնել ֆրանսիական թատերական աշխարհում` ահռելի գունապնակի մեջ, ցույց տալու համար, որ համաշխարհային մշակույթում հայկական էպոսը կարեւոր տեղ ունի եւ, էական չէ, թե ով է այն պատմում` հայը, աֆրիկացին, թե ֆրանսիացին: «Այն կարեւորագույն հաղորդագրությունը, որ ունի մեր էպոսը, խաղաղության կոչն է, որը չի ճանաչում ոչ տարածություն, ոչ ժամանակ, ոչ էլ ազգություն: Սա է եղել հիմնական սկզբունքը, որի վրա ձեւավորվել է ներկայացումը: Մենք 2015թ.-ից ի վեր այն խաղացել ենք տարբեր քաղաքներում եւ առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայանանք «Սասնա ծռեր» էպոսով, որը հնարավորություն կտա եւս մեկ անգամ անդրադառնալու էպոսին` գուցե այլ տեսանկյունից, բայց համոզված լինելու համար, որ հայոց ոգին անպարտելի է ու այդ անպարտելիությունը գրված էր դեռեւս 10 դար առաջ»,- նշեց մեր զրուցակիցը: Նա ընդգծեց, որ սովորաբար իրենց հանդիսատեսի 25-30 տոկոսն է հայ լինում, իսկ մեծ մասամբ բազմազգ ֆրանսիացի հանդիսատես են ունենում, որոնք հաճախ են շնորհակալություն հայտնում հայկական էպոսը բացահայտելու հնարավորության համար, քանի որ հնդկական Մահաբհարաթայիին են ծանոթ լինում: «Շատերն ասում էին` անպայման պետք է գտնեն գիրքը, որպեսզի կարդան էպոսն ամբողջությամբ: Կային նաեւ աֆրիկացիներ, որոնք նշում էին, թե հայկական էպոսը շատ հարազատ է, իրենց հեքիաթներում գտնում են այս հերոսներին: Տպավորված էին հատկապես Դավթի կոչով, երբ ասում է. «Հետո չասեք, թե մենք քնած, Դավիթը գող-գող եկավ գնաց»: Այդ հատվածը շատ էր տպավորել, նշում էին, որ սա իսկապես այն բացառիկ տեսակն է, որ կարող ենք գտնել ուրիշ ազգի էպոսի ու հեքիաթների մեջ եւ ում կորցրել ենք ժամանակակից մարդու մեջ»: Հավելենք, որ նախագիծն իրականություն է դարձել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի, Լիոնի Մետրոպոլի, Իզեր դեպարտամենտի, Սպեդիդամի, ինչպես նաեւ Իրապա հարթակի աջակցությամբ։ Սաթէ Խաչատրյանը նշեց նաեւ, որ ապրիլի 13-ին ներկայացումը կխաղան Սեւանում, 14-ին՝ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական թատրոնում, 15-ին՝ Գյումրու Արհեստի դպրոցում, 17-ին՝ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական թատրոնում եւ ապրիլի 19-ին Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Նաեւ հայտնեց, որ ապրիլի 20-ին Համազգային թատրոնում կկայանա Զելլերի պիեսների հայերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը, որի թարգմանիչն ինքն է: Հուլիս-օգոստոս ամիսներին էլ «Սաթէ-Աթղը» թատերական միությունը կներկայանա Քսավիե Դյուրանժեի «Մարդկային պատմություն» պիեսի բեմադրությամբ՝ Լոֆթում, բեմադրիչը եւ թարգմանիչը կրկին Սաթէ Խաչատրյանն է:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2021/03/27/1179937/?fbclid=IwAR1kjKH2BH6CvEMvi0UVRQs5pHQYi0PusY61PwooAu_Vwuw-PTELPYhlSHY

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevanhamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner