Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 14-ը․ հետեւաբար՝ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումը Երևանում և բոլոր մարզերում շարունակվում է: Գեղարքունիքի մարզն այս պահին միակն է, որտեղ կորոնավիրուսի նոր դեպք չի դեռ գրանցվել: Մեկ հաստատված դեպք կար, սակայն մարզպետ Գնել Սանոսյանը ավելի վաղ ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ պացիենտի երրորդ թեստավորման արդյունքը բացասական է։ Սեւան քաղաքով այսօր մի փոքր շրջեցինք՝ տեսնելու, թե ինչպես է ընթանում կյանքն այստեղ արտակարգ դրության պայմաններում: Քաղաքը սովորականից մի փոքր պակաս մարդաշատ էր․ թեև փողոցներում հերթապահող ոստիկաններ կային, բայց քաղաքացիներից տեղաշարժման թերթիկ պահանջելու դեպքեր չֆիքսեցինք: Փակ էին հագուստի, էլեկտրոնիկայի, տնտեսական ապրանքների բոլոր խանութները, աշխատում են միայն բանկերը, սննդի սննդի կետերը և սուպերմարկետները: Միջմարզային տրանսպորտ չի գործում, մարդիկ տեղաշարժվում են տաքսիներով: Նկատեցինք նաև, որ բանկեր մարդկանց թույլ են տալիս մուտք գործել առանձին-առանձին, առանց կուտակումների, քաղաքացիները սպասում են դրսում: Դիմակ և ձեռնոցներ կրող քաղաքացիների փողոցներում հազվադեպ կարելի է հանդիպել: |