Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
04/04/2019
Օգոստոսին Սևան միջազգային երաժշտական փառատոնը կրկին կհամախմբի երաժիշտներին և երաժշտասերներին

Արդեն 5-րդ տարին է, ինչ մարզային փառատոների շարքում իր հաստատուն տեղն ունի «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը: «Սևան» երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչը «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն է, առաջին անգամ անցկացվել է 2015թ-ին Սևանի թերակղզում:
2016թ-ին այն կրկին անցկացվեց թերակղզում` ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը: 2017թ-ին սևանյան ալիքը հասավ և հանգրվանեց թիվ 1 հանրային լողափում:
Անցած տարի փառատոնն անցկացվեց երկու օր, և լճափն ու Սևան քաղաքը վայելեցին երաժշտական այն հրավառությունը, որ պարգևեցին հանրապետության և արտերկրի տարբեր խմբեր:
Փառատոնի նպատակն է` երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր մարզերում ապրող և ստեղծագործող երիտասարդներին, մեր երկրի սահմաններից դուրս ապրող հայ և օտարերկրացի երաժիշտներին, նրանց տրամադրել բեմ, դուրս գալ ստանդարտներից, մատուցել բարձրաճաշակ երաժշտություն, հանդիսատեսի համար ապահովել լավագույն ժամանց:
Ինչպես նշում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ, փառատոնի կազմակերպիչներից Գոհար Մնացականյանը, փետրվար ամսից ընդունվում են այս տարվա փառատոնի հայտերը:
Արդեն երեք տասնյակ խմբեր հանրապետությունից, Արցախից և արտերկրից ներկայացրել են իրենց հայտերը:
«Հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև մայիսի 5-ը: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, սակայն նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք ներկայանալու են ռոքնռոլ և էթնո ժանրերում»,- ասում է Գոհարը:
Կարդացեք նաև Էդուարդ Վարդանյան.«Սարգիս Մուրադյանի ներկապնակը գունեղ էր իր հոգու նման» (ֆոտոշարք) Սեւանի նորընտիր քաղաքապետը` կոտրած տաշտակի առջեւ. «Չորրորդ իշխանություն» «Կախարդական փայտիկով արված գործ է». Վրեժ Խաչիկյանը՝ Սեւանի ՏԻՄ ընտրությունների մասին Փառատոնը հավատարիմ է իր կարգախոսին` «Շնորհակալություն ասենք Սևանին», որը Սևանի նկատմամբ վերաբերմունքի արտահայտման ինքնատիպ ձևաչափ է, որն օգնում է ոչ միայն մեր շնորհակալությունը հայտնել լճին, այլ նաև լճի միջոցով բարձրաձայնել մի շարք խնդիրներ:
Կազմակերպիչները վստահեցնում են, որ փառատոնը լավագույն միջոցներից է տարածաշրջանի ներկայացման, նոր գաղափարների կյանքի կոչման համար: «Սա տնտեսական և բիզնես մտածողության գործիքներից է, և այս խառնուրդում կարելի է լուծել հարակից մի շարք հարցեր:
Հիմքում ունենալով այս միտումը` այս տարի էլ փառատոնի 2-րդ օրը կանցկացվի Սևան քաղաքում, որը զբոսաշրջային հոսքերն ավելացնելու և ակտիվացնելու, համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու, նոր ծրագրերի սկիզբն է ազդարարելու»,- նշում է Գոհար Մնացականյանը:
Ինչպես ցույց տվեց նախորդ տարվա փորձը, երկօրյա փառատոնը համախմբման հիանալի հնարավորություն է ընձեռում, միմյանց են հանդիպում Հայաստանի և արտերկրի տարբեր երաժշտախմբեր, անհատ կատարողներ, խմորվում են նոր գաղափարներ, հենց տեղում ծնվում են երաժշտական նոր ձևաչափեր ու կատարումներ:
Ինչպես յուրաքանչյուր փառատոն, սևանյանն էլ պահանջում էր բազմակողմանի և մեծածավալ աշխատանք` սկսած բեմի տեղադրումից մինչև ընդունելություն և գիշերակացի կազմակերպում: Փառատոնի կազմակերպիչներն օգնության են հրավիրում և փնտրում են կամավորների, ովքեր այս իրադարձային միջոցառումը կդարձնեն ավելի քան ներկայանալի:
Փառատոնը կյանքի է կոչվում համագործակցային աշխատանքի շնորհիվ և համախմբման հիանալի հարթակ է` սկսած Սևանի համայնքապետարանից` ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, մինչև Գեղարքունիքի մարզպետարան, տարբեր ասոցիացիաներից մինչև գործընկեր Գրենոբլի քաղաքապետարան:
Աջակիցների բանակն ու քանակը հետզհետե ավելանում է: «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը, որը այս տարի տեղի է ունենալու օգոստոսի 3-ին և 4-ին, հավակնում է դառնալ ոչ միայն երաժշտական ինքնատիպ իրադարձություն, այլ նաև Սևանը բազմակողմանի ներկայացնելու լավագույն միջոց:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2019/04/04/1033824/?fbclid=IwAR0KXdj66cHsqXW2w2kZKiYYfWSGLCxUtrZV53t7-Y0jWlwjMDwJibFmR8I

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner