Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
25/04/2019
Ուրվագծվում են Սևան – Սոդերթայլե քաղաքների համագործակցության հեռանկարները

Ապրիլի 24-ի նախօրեին Հայաստան այցելած հյուրերի թվում էր նաև Շվեդիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությունը` քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերի գլխավորությամբ:
Պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային խորհրդի անդամներ Լինդա Սյոգրենն ու Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը, ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի միջնորդությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքէջից` նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նրանց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի և Սոդերթայլեի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում ունեցած անուրանալի ներդրման, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերին նվիրված ամենամյա հիշատակման միջոցառումներ կազմակերպելու համար։
Հայ-շվեդական միջպետական հարաբերությունների կայուն զարգացման համատեքստում նախարարն առանցքային է համարել նաև երկու երկրների միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային համագործակցության օրակարգի ընդարձակումն ու գործընկերության նոր հորիզոնների ուրվագծումը։ Օրվա երկրորդ կեսին շվեդ պատվիրակության այցի հասցեն Սևան քաղաքն էր, որտեղ պատվիրակության անդամներին դիմավորեցին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի ներկայացուցիչները և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ում միջնորդությամբ կազմակերպվել էր սևանյան հանդիպումը:
Ողջունելով շվեդ գործընկերներին` Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումները: «Ողջունում եմ ձեր այցը Հայաստան, ինչպես նաև Սևան համայնք: Շնորհակալություն եմ հայտնում Իշխան Սաղաթելյանին այս հանդիպումն իրողություն դարձնելու համար:
Սևանն ապակենտրոնացված համագործակցության լավագույն օրինակներ ունի, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների փորձ, և, կարծում եմ, առաջիկայում այդ առումով մեզ սպասվում է համալրում` համագործակցության համաձայնագրի տեսքով»,- նշեց Սևան համայնքի ղեկավարը: Սոդերթայլեի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերն իր հերթին շնորհակալություն է հայտնեց ընդունելության համար և նշեց, որ հայ-շվեդական երկկողմ կապերի շարունակական զարգացման հիանալի հնարավորություն է ընձեռված, որը պետք է օգտագործել։ «Շնորհակալ ենք, որ մեզ դիմավորեցիք, զգացված ենք նման ընդունելության համար: Մեր այցն ապրիլի 24-ի նախօրեին պատահական չէ:
Մենք հետաքրքրված ենք հայկական հարցով, հայերի ցեղասպանության ճանաչման առաջին քայլերն արվել են մեր քաղաքում, հայերի հետ ունենք սերտ համագործակցություն: Նշեմ, որ շվեդահայերի կեսն ապրում է մեր քաղաքում, որտեղ գտնվում է նաև հայկական եկեղեցի, գործում են հայկական կազմակերպություններ»,- ասաց Սոդերթայլեի քաղաքապետը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին երկու քաղաքների զարգացման միտումները, առանձնահատկությունները, հնարավորությունները, առկա ծրագրերը, մասնավորապես` զբոսաշրջային հեռանկարները և ներդրումային ուղղությունները: Սևան համայնքի ղեկավար Մուրադյանը, կարևորելով զբոսաշրջային գործի զարգացումը, որը միաժամանակ տնտեսական զարգացման հիմքերից մեկն է համայնքի համար, նշեց, որ մշակվում են ծրագրեր Սևան քաղաքում ևս զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավելու, զբոսաշրջիկներին առափնյա գոտուց քաղաք բերելու համար:
Սոդերթայլեի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերն էլ հավելեց, որ իր ղեկավարած քաղաքում ապրում է շուրջ 100.000 մարդ, որի 50%-ն օտարերկրացիներ են, այդ թվում` հայեր: Զարգացած ենթակառուցվածքներով քաղաքը զբոսաշրջային ոլորտում ևս ունի բավականին լավ փորձ, որը կարող է դառնալ համագործակցության ուղղություններից մեկը: Սևան այցի նպատակն էլ, ինչպես նշեց տիկին Գոնդերը, այս տարածաշրջանին ծանոթանալն է, որին կհետևեն հետագա քայլերի քննարկումները: Այդ քայլերի արդյունքում ակնկալվում է Սևան – Սոդերթայլե քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատում:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2019/04/25/1038449/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner