Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԶԼՄ-ները մեր մասին
 
25/03/2019
Օրը դարձավ ոչ միայն Ուկրաինայի մեծագույն զավակին հիշելու, այլ նաև հայ-ուկրաինական մեծագույն բարեկամության վավերագիր

Սևանում գործող ուկրաինական համայնքը թեև փոքրաթիվ է, սակայն դա բնավ էլ չի խանգարում, որ այստեղ պահպանվի ուկրաինական տրամադրությունը:
Դեռևս 2017թ-ին Սևան համայնքի ավագանու որոշմամբ ուկրաինական համայնքին Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում հատկացվեց տարածք` ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ, ժողովրդագետ Տարաս Շևչենկոյի անվան թանգարան հիմնելու և համայնքի անդամների հանդիպումները կազմակերպելու համար:
Այս տարի լրացավ Տարաս Շևչենկոյի ծննդյան 205-ամյակը, և ուկրաինական համայնքի ու Սևանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և հեղինակմամբ գարնանային հերթական օրը դարձավ ոչ միայն Ուկրաինայի մեծագույն զավակին հիշելու, այլ նաև հայ-ուկրաինական մեծագույն բարեկամության վավերագիր:
Հյուրերին` ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Տարաս Յակովենկոյին, Հայաստանում ուկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանին, դիմավորեցին Սևանի համայնքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը, Սևանում ուկրաինական համայնքի ղեկավար Լուսինե Գոնչոյանը: Հայկական ավանդական աղուհացին հաջորդեց օրվա համար պատրաստված ցերեկույթը, որն անցկացվեց երաժշտական դպրոցի դահլիճում:
Միմյանց էին հաջորդում հայկական և ուկրաինական պարերն ու երգերը, Շևչենկոյի ստեղծագործությունները, որոնք հնչում էին տարբեր լեզուներով: Մեծ ուկրաինացու գործն արժևորելու համար ներկայացվեցին նաև նրա կյանքին և գործունեությանը վերաբերող վավերագրական նյութեր:
Ուկրաինական համայնքի ներկայացուցիչները, Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները, մշակութային կենտրոնի «Սևան» պարի համույթի սաներն օրը վերածեցին իսկական տոնի: ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Տարաս Յակովենկոն անչափ զգացված էր նման իրադարձությամբ: «Ես ողջունում եմ բոլորին, ուրախ եմ, որ ուկրաինացի մեծագույն բանաստեղծի ծննդյան օրը նշվում է իր հայրենիքից այսքան հեռու:
Սա սևանցիների և Սևանում գործող ուկրաինական համայնքի համագործակցության արդյունքն է»,- նշեց Յակովենկոն և պատվոգիր հանձնեց Լուսինե Գոնչոյանին: Հնչած ելույթներն էլ առնչվում էին հայ-ուկրաինական բարեկամությանը, երկու ժողովուրդների մեծերին հիշելու, նրանց կատարած գործը կարևորելու յուրօրինակ հաղորդագրություն էին:
Միջոցառմանը հաջորդեց ուկրաինական հյուրասիրությունը, որը կազմակերպվել էր Տարաս Շևչենկոյի անվան թանգարանում: Թանգարանն արդեն համալրվել է գրականությամբ, նկարներով, գեղարվեստական և վավերագրական նյութերով:

ԱՌԱՎՈՏ
https://www.aravot.am/2019/03/25/1031035/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner